ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Քրդական ուղղությունն Ադրբեջանի քաղաքականության մեջ

Քրդական ուղղությունն Ադրբեջանի քաղաքականության մեջ
12.06.2009 | 00:00

ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ
2007-2008 թվականները բնութագրական էին քրդերի և քրդական հիմնախնդիրների նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության ակտիվացմամբ։ Անկախությունից հետո Ադրբեջանն այս կամ այն կերպ փորձել է զբաղվել քրդական խնդիրներով` ազգային անվտանգության ապահովման և այդ պրոբլեմներն իր շահերի համար օգտագործելու առումով։ Դրա համար կային բազային գործոններ, ինչպես, օրինակ, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության տրամադրության տակ եղած նշանակալի տեղեկատվության առկայությունը դեռ խորհրդային ժամանակներից։ Բացի այդ, Ադրբեջանում կան քրդական հարցի միանգամայն պատրաստված մոտ 60 մասնագետներ։
1998-ին Հեյդար Ալիևի հրամանով Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում վերականգնվեց այն ստորաբաժանումը, որը պետք է զբաղվեր քրդական ուղղությամբ։ Ներկայումս քրդական խնդիրներով զբաղվելու համար ներգրավված են քրդական լեզվի և գրականության ոչ քիչ թվով մասնագետներ, ինչպես նաև արևելագետներ, լրագրողներ, վերլուծաբաններ։ Գործնականում Ադրբեջանի բոլոր դեսպանատները համապատասխան ցուցումներ ունեն` քրդական հարցի հետ կապված։ Ադրբեջանը փորձում է նաև ստեղծել հատուկ նշանակության որոշ քրդական խմբավորումներ Թուրքիայում, Իրանում և բուն Ադրբեջանում բնակվող քրդերից։ Այդ խմբավորումների նշանակությունը մինչև վերջ հստակեցված չէ, բայց կան տեղեկություններ, որ դա դիվերսիոն և ահաբեկչական բնույթի գործունեությունն է։ Այդ նպատակով Ադրբեջանի Ղարադաղի շրջանի Փիրսաղաթ ավանի մոտ, ինչպես նաև Գեդաբեկի շրջանում ստեղծվել է երկու հատուկ ճամբար։ Այդ աշխատանքը, սակայն, այնքան էլ լավ չի կազմակերպված, քանի որ խմբավորումների անդամների միջև եղել են բախումներ, սպանվել է մեկ և անհետացել է չորս մարդ։ Բաքվում, Մերձավոր և Միջին Արևելքի ինստիտուտի մասնակցությամբ, ստեղծվել է մասնագետների խումբ քրդերենի հիմնական բարբառներով հատուկ գրականություն հրատարակելու համար, ուր ընդգրկված են թշնամական բնույթի պատմական և արդիական նյութեր Իրանի, Հայաստանի և Վրաստանի վերաբերյալ։
2007-ի առաջին կեսին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության մի շարք աշխատակիցներ «Նոր Ադրբեջան» կուսակցության ԶԼՄ-ների ներկայացուցիչների անվան տակ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել երկու տասնյակից ավելի քրդական քաղաքական կազմակերպությունների ղեկավարների ու ֆունկցիոներների հետ։ Միաժամանակ, սակայն, ադրբեջանական, այդ թվում` կառավարող կուսակցության մամուլում չի նկատվել քրդերի վերաբերյալ թեմատիկայի ակտիվացում։ Եղել են դեպքեր, երբ քրդական գործիչների ճանապարհածախսը հանդիպումների ժամանելու համար վճարել է ադրբեջանական կողմը։ Սակայն ոչ մի հանդիպում չի կայացել Թուրքիայում, և դա բացատրվում է ոչ միայն քրդերի, այլև ադրբեջանցիների ցանկությամբ։ Ադրբեջանական լրագրողներին հատկապես ձեռնտու է եղել ավելի հետաքրքիր ու տեսարժան վայրեր ունեցող երկրներում, Լիբանանում, Իսպանիայում, Ֆրանսիայում հանդիպումների կազմակերպումը։ Թեպետ հանդիպումների մի մասը կայացել է նաև Բաքվում, և այդ հանդիպումներին մասնակցած քրդերին մատուցվել են բավականին թանկ նվերներ։ Նշված քրդերից մի քանիսի անուններով եվրոպական երկրների բանկերում բացվել են հաշիվներ, և Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հանձնարարությամբ մասնավոր անձինք որոշակի գումարներ են փոխանցել այդ հաշիվներին։ Հավանաբար հատուկ նշանակություն է տրվել հիմնական քրդական կազմակերպությունների` ՔԲԿ-ի, «Հայրենասերների միության» և քրդական ժողովրդավարական կուսակցության (ՔԺԿ) հետ շփումներին։ Կախված նրանից, թե ովքեր են եղել քրդերի ներկայացուցիչները, առաջադրվել են որոշակի խնդիրներ և քննարկվել են հետևյալ հարցերը.
1. Թուրքիայից 30 հազար քրդերի վերաբնակեցումը Ադրբեջանի տարբեր քաղաքներում և շրջաններում, նրանց համար որոշ տնտեսական, սոցիալական և իրավական պայմանների ստեղծումը` այդ բնակչությանը հետագայում ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրելու համար։
2. Ադրբեջանում խոշոր սոցիալ-մշակութային և հասարակական-քաղաքական քրդական կենտրոնների, առաջատար քրդական կուսակցությունների գրասենյակների բացում` Բաքուն ԱՊՀ-ում քրդերի գործունեության հիմնական կենտրոնի վերածելու նպատակով։ Դա ենթադրում է քրդական քաղաքական գործիչների ու ակտիվիստների մշտական ներկայություն Ադրբեջանի տարածքում, ինչպես նաև քրդական պարբերականների և ԶԼՄ-ների հիմնում։
3. ԱՊՀ-ում և հատկապես Ռուսաստանում գործող քրդական կազմակերպություններին ու օջախներին ֆինանսական աջակցության ցուցաբերում, այդ թվում` քուրդ բնակչության առանձին խմբերի կենցաղը կարգավորելու համար։ Մշտական դոտացիաներ ԱՊՀ-ի քրդական կազմակերպություններին, որպեսզի Ռուսաստանը չվերածվի քրդական կենտրոնի և համապատասխանաբար չմեծանա նրա ազդեցությունը քրդական միջավայրի վրա։
4. Քրդական կազմակերպություններում հակաիրանական և հակահայկական գործունեության ներդրում, առանձին գործողություններ` ուղղված Վրաստանի և Թուրքմենստանի դեմ։ Միջազգային ասպարեզում շարունակական քննարկում այն հարցի, թե ղարաբաղյան պատերազմի ընթացքում Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի քրդաբնակ շրջանները, ինչպես նաև հավակնություններ ունի Թուրքիայի քրդաբնակ տարածքների նկատմամբ։ Մերձավոր Արևելքի հայկական համայնքների ու կազմակերպությունների նկատմամբ ուժային ակցիաների իրականացում, միջազգային ասպարեզում Իրանի դեմ լայն քարոզչության ծավալում` քրդական և ադրբեջանական բնակչության շահերի ոտնահարման համար։
5. Տեղեկատվության հավաքում տարբեր խնդիրների և հատկապես Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի ու Թուրքմենստանի շահերի վերաբերյալ։ Մի շարք երկրներում քրդական կազմակերպությունների գործակալական ցանցի տրամադրում Ադրբեջանին, համատեղ տեղեկատվական-հետախուզական գործունեություն, ահաբեկչական ու դիվերսիոն բնույթի աշխատանքների կազմակերպում, կադրերի պատրաստում ինչպես այդ ոլորտում, այնպես էլ ԶԼՄ-ների և զանգվածային քարոզչության բնագավառներում։
2007-ի գարնանը եղել են շփումներ Ադրբեջանի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դիվանագետների միջև` քրդերի հետ աշխատանքի խնդիրների շուրջ։ Այդ թվում` նրանց իրանական ուղղությամբ օգտագործելու։ Քննարկվել են նախնական հարցերը, քանի որ դա առաջին շփումն էր, սակայն քննարկման առարկա են դարձել ջանքերի համակարգման խնդիրները, առանձին հանդիպումներ անցկացվել են դեսպանների մակարդակով։ Ըստ որոշ տվյալների, Ադրբեջանի այս ջանքերը բխում են Մեծ Բրիտանիայի նախաձեռնություններից, որը փորձում է նոր և լուրջ լծակ ստեղծել Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարբեր պետությունների նկատմամբ ճնշում գործադրելու համար` քրդերի մասնակցությամբ։ Ադրբեջանի դերը, իբրև այդ ծրագրի իրականացման հարմար հրապարակ, կարող է լինել բավական նշանակալի։
Ադրբեջանի քաղաքական ղեկավարության մեջ ակնհայտորեն կան մարդիկ, որոնք հետաքրքրված են քրդական թեմայի լայն ու բազմաբնույթ օգտագործմամբ, և այդ աշխատանքն իրականացվում է ընթացիկ քաղաքականությունից անկախ, ունի սկզբունքային և ռազմավարական բնույթ։ Սակայն քրդերն ամենուրեք իրենց ցույց տվեցին որպես շատ անհուսալի գործընկերներ, ինչը պատճառ դարձավ մշտական խաբեությունների և նրանց նկատմամբ անվստահության` տարբեր պետությունների կողմից։ Քրդերը չեն խորշում ցանկացած պետության հետ կապերի հաստատումից, սակայն դա բոլորովին չի նշանակում, թե արտաքին ուժերն ու պետությունների կառավարություններն ընկալում են նրանց պրոբլեմները։ Ներկայումս իրական իշխանություն ստանալով Իրաքում, քրդական առաջնորդները փորձում են հեղինակավոր երևալ և կարող են դառնալ ավելի գիտակից արտաքին կապերի հաստատման ու պարտավորությունների ստանձնման առումով։ «Քրդական նախագիծը» դարձել է լուրջ գործիք Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, և առաջատար պետությունները չեն կարող ապահովել դրա վերահսկողությունը։ Այն աստիճանաբար վերածվում է տարածաշրջանի լոկոմոտիվային նախագծի, ինչը թույլ տվեց քրդական ղեկավարներին` անտեսել տարաբնույթ արտաքին նախաձեռնություններն ու առաջարկությունները` միանգամայն թշնամական քաղաքականություն վարելով, օրինակ, Իրանի նկատմամբ, որի հետ քրդական բոլոր կազմակերպություններն աշխատում էին նախկինում լավ հարաբերություններ պահպանել։
Հարկ է նշել, որ թուրքական հատուկ ծառայությունները միշտ փորձել են ուղղորդել քրդերի պայքարն Իրաքի, Սիրիայի և հատկապես Իրանի դեմ։ Ըստ այդմ, բացառված չէ, որ, քրդերին «հայկական ուղղությամբ» ուղղորդելու Ադրբեջանի ջանքերից բացի, գոյություն ունի նաև իրանական ուղղությունը` Իրանին լուրջ հարված հասցնելու նպատակով։ Դրանով Բաքուն փորձում է ընդգրկվել «Քրդական մեծ նախագծի» շրջանակներում, որը նախաձեռնել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Իսրայելը, և որոնք փորձում են համատեղ ջանքերով իրագործել այդ ծրագիրը։ «Քրդական մեծ նախագիծը» խիստ ապակենտրոնացված է և հարմար ասպարեզ այլ պետությունների միջամտության ու մասնակցության համար։
Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի երկրների հնարավորությունները գնահատելու դեպքում պարզ է դառնում, որ հենց Ադրբեջանն է ի վիճակի դառնալու քրդական նոր նախագծի էպիկենտրոնը, հատկապես Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի նման ազդեցիկ «դիրիժորների» պարագայում։ Ադրբեջանը միակ «ոչ դասական» երկիրն է Մերձավոր Արևելքում, որտեղ հասարակությունը կարող է հանդուրժողաբար վերաբերվել բազմաքանակ նոր քրդական համայնքի ի հայտ գալուն, քանի որ քրդերը նախկինում նշանակալի քանակ էին կազմում Ադրբեջանում։ Հետխորհրդային երկրներից միայն Ադրբեջանում է գոյություն ունեցել քրդական վարչատարածքային ինքնավարություն։ Էթնիկ քրդերը վաղուց ինտեգրված և ձուլված են ադրբեջանցիների մեջ` որպես կանոն կարևոր դիրքեր ունեն երկրի կառավարման ոլորտում։ Բավական բարդ են Ադրբեջան-Իրան-քրդեր հարաբերությունները և հնարավորություն են տալիս Իրանի ու տարածաշրջանի այլ պետությունների նկատմամբ ճնշման լծակների ձևավորման։ Օբյեկտիվորեն գտնվելով հետխորհրդային քաղաքական և տեղեկատվական-մշակութային տարածության մեջ` Ադրբեջանը կարող է առավելագույն ազդեցությունն ունենալ քրդերի վրա հետխորհրդային տարածքում։ Բաքուն ունի քրդական հասարակական և քաղաքական կազմակերպությունների հետ աշխատելու որոշակի փորձ։ Անկասկած է, որ Ադրբեջանում կառավարող կլանը, այդ թվում` Ալիևների ընտանիքը, ունի քրդական արմատներ, ինչը որոշակի վստահություն է ստեղծում քրդերի շրջանում։
Գոյություն ունի Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան-քրդեր «հանգույցը», ուր քրդերը հայտնվել են հավասարակշռողի դերում, և զգալիորեն նրանց պահվածքով ու նպատակներով է պայմանավորված Ադրբեջանի հակադրությունը Հայաստանի հետ` հատկապես երկարաժամկետ հեռանկարում։ Տարածաշրջանի պետություններից միայն Թուրքիան և Ադրբեջանը դիրքեր ունեն իսլամական աշխարհում` միաժամանակ համագործակցելով Իսրայելի հետ, որը կարևոր դեր ունի քրդական շարժման զարգացման և Իրաքում քրդական պետության ստեղծման, քրդերին Իրանի դեմ ուղղորդելու առումով։ Քրդական նոր նախագծի գլխավոր նախաձեռնողը Մեծ Բրիտանիան է, որն Ադրբեջանի վրա տնտեսական գործոնով պայմանավորված մեծ ազդեցություն ունի և, իհարկե, փորձելու է վերահսկել Ադրբեջանի գործողությունները քրդական ուղղությամբ։ Լոնդոնում «Նոր Ադրբեջան» կառավարող կուսակցության ներկայացուցիչները, ադրբեջանական հյուպատոսը և որոշ գործարարներ փորձում են շահագրգռել Մեծ Բրիտանիայի առաջատար ինստիտուտներին ու կենտրոններին քրդական ուղղությամբ` նկատի ունենալով անհրաժեշտ հետազոտական ծրագրերի ֆինանսավորումը։
Առայժմ պարզ չէ Թուրքիայի դերը Ադրբեջանի նախաձեռնած այս խաղում։ Կան նախանշաններ, որ Թուրքիան մտադիր չէ ինտեգրվել քրդական ուղղությամբ ադրբեջանական նախաձեռնություններում նույնիսկ տեղեկատվության տրամադրման առումով։ Կարելի է ենթադրել, որ Թուրքիան զգուշանում է, որ քրդական հարցում Ադրբեջանի մյուս գործընկերները քրդերին կուղղորդեն Թուրքիային ոչ ձեռնտու ուղղությամբ։ Մեծ Բրիտանիայում աշխատող երկու իրանցի վերլուծաբանների կարծիքով` Թուրքիան և Ադրբեջանը, այնուհանդերձ, ունեն երկարաժամկետ և միասնական նախաձեռնություններ` քրդերին թուրք-ադրբեջանական դաշինքի շրջանակներում ինտեգրելու առումով` Իրանի և Սիրիայի ծրագրերում նրանց օգտագործումը բացառելու համար։ Բայց այդ ամենը դեռ դատողությունների մակարդակում է, չկա ձևակերպված հստակ ծրագիր։ Հարկ է նշել, որ ադրբեջանական քաղաքական գործիչները նավթային եկամուտների արդյունքում մեծ ոգևորության են սկսել դրսևորել, չափից ավելի մեծ հավակնություններ ունեն համաթուրքական նշանակության ծրագրերի նախաձեռնողներ դառնալու առումով և աշխատում են վերոնշյալ «դոկտրինների» հետ կապված նախաձեռնություններն Անկարայից տեղափոխել Բաքու։ Սակայն Վաշինգտոնը և Լոնդոնը չեն կարող թույլ տալ այսպիսի վարվելաձև աշխարհաքաղաքական «նյութի» հետ և աշխատում են վերահսկողության տակ վերցնել Բաքվի այդ ձգտումը` նրան դիտարկելով որպես իրենց քաղաքականության գործիք, բայց ոչ իբրև գործընկեր։
Քրդական ինտելեկտուալ շրջանակներում, հատկապես Շվեդիայում, առաջանում են հետաքրքիր և բավական տարօրինակ գաղափարներ Ադրբեջանում քրդական պետություն ստեղծելու առումով։ Դրա վարկածներից մեկն Ադրբեջանի էթնիկ վերակողմնորոշումն է, եթե քրդերն այնտեղ դառնան պետականակերտ ժողովուրդներից մեկը։ Կան այսպիսի կարծիքներ, թե ադրբեջանցիները դեռևս ձևավորված ազգ չեն, և վաղ թե ուշ այդ երկիրը բնակեցնող ժողովուրդներն ու ցեղերը կհայտարարեն իրենց իրավունքների մասին։ Սակայն դաղստանցիներից կամ թալիշներից կտրուկ գործողություններ սպասելը, իբր, լուրջ չէ, և միայն քրդերը լուրջ արտաքին աջակցության դեպքում կարող են փոխել Ադրբեջանի ներքին կառուցվածքը և հնարավորություն տալ այլ ժողովուրդների` տեր կանգնելու իրենց իրավունքներին։ Եթե ադրբեջանցիները դեռ չեն հրաժարվել Ղարաբաղից, ապա դրա պատճառն արտաքին աջակցությունն է, սակայն իշխանության բաժանումն Ադրբեջանում թուրքերի և քրդերի միջև հնարավորություն կտա լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստանի օգտին։ Ահա այսպես. ոչ ավելի, ոչ պակաս։
Քրդական հարցերով մեծբրիտանական քաղաքական ծրագրավորողներից և գաղափարախոսներից Գարետ Գրինֆելդի կարծիքով` այս փուլում Ադրբեջանը զգալիորեն ուշացրել է քրդերի հետ իր հարաբերությունների կարգավորումը, բաց է թողնված 1990-ականների կարևոր ժամանակահատվածը։ Այժմ Բաքուն շանսեր ունի ընդգրկվելու «Մեծ քրդական նախագծի» մեջ որպես համեստ մասնակից, եթե նրան այնտեղ թողնեն։ Թուրքիայի հետ սերտ գործընկերային հարաբերությունները միշտ էլ սահմանափակելու են Ադրբեջանի մասնակցությունն այդ նախագծում` որպես անցանկալի գործընկերոջ։ Ներկայումս տարբեր պետությունների մասնակցությունը Մերձավոր Արևելիքի հետ կապված նախագծերում կարող է պայմանավորված լինել միայն խոշոր տերությունների ռազմավարությանը լոյալությամբ և լուրջ ռիսկի դիմելու պատրաստակամությամբ։ Ադրբեջանն այսօր լայն և բազմաբնույթ գործունեություն է ծավալել Հայաստանի միջազգային, տնտեսական և կոմունիկացիոն շրջափակման ուղղությամբ` ամենից առաջ մեր տարածաշրջանում։ Եթե նկատի ունենանք Ադրբեջանի գործընկերների շահերն ու նախաձեռնությունները, այդ դեպքում էլ Բաքուն շատ շահագրգռված է նոր քրդական նախագծի իրագործմամբ։ Հավանաբար «Մեծ Մերձավոր Արևելքի» տարածաշրջանում կսկսվի քրդական գործոնի օգտագործման նոր փուլ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2609

Մեկնաբանություններ

alt='Նոյեմբերը մեզ մոտ ամենաաշնանային ամիսն է' title='Նոյեմբերը մեզ մոտ ամենաաշնանային ամիսն է' width='220' height='163' />
Նոյեմբերը մեզ մոտ ամենաաշնանային ամիսն է

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Անճարակության փյունիկապաշտներ ենք
Անճարակության փյունիկապաշտներ ենք

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ ե­րեքն էլ «թա­գա­վոր» են, իսկ գա­հը մեկն է
Երբ ե­րեքն էլ «թա­գա­վոր» են, իսկ գա­հը մեկն է